Քրդստանը իրաքյան բանակի հետ մարտերում կորցեց իր տարածքի 30 տոկոսը. քուրդ գործիչ
International newsՔրդստանի դեմոկրատական կուսակցության ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը հայտարարել է, որ իրաքյան բանակի և շիական «Հաշդի Շաբի» խմբավորման հետ բախումներում քրդական ուժերը կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 30 տոկոսը, գրում է demokrathaber.org կայքը:
Բաբաքրը շեշտել է, որ կորցրած տարածքները հիմնականում այնպիսի շրջաններ էին, որոնք քրդական ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Քուրդ գործիչը նաև նշել է, որ Իրանն ուղղակի կերպով օգնում է Իրաքին Քրդստանի դեմ գործողություններում, ըստ նրա՝ իրաքյան ուժերի հետ աշխատում են ոչ միայն «Հաշդի Շաբի»-ի, այլև «Հիզբուլլահի» զինյալները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ի Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: