Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավորը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման թալանի համար
International newsՂրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռայկան Տոլոգոնովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավումով, նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի ընտանիքի ունեցվածքի թալանի համար։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ դատավորը դատապարտյալի տարիքը հաշվի առնելով կիրառել է համաներում։ Դատարանում նա չի ճշգրտել, թե ըստ համաներման ինչ ժամկետ պետք է բանտում անցկացնի դատապարտյալը։ Պաշտպանության կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը։
65-ամյա նախկին պատգամավորը, «Աթա Մեկեն» ընդդիմադիր կուսակցության անդամ Ռ․ Տոլոգոնովին ձերբակալել էին մարտի վերջին։ Հատուկ ծառայությունը նրան մեղադրել էր ուրիշի ունեցվածքի ապօրինի զավթման մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նախկին պատգամավորի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ թալանել էին իշխանափոխությունից հետո երկրից փախած նախագահ Բակիեւի ու նրա ազգականների ընտանիքներին պատկանող գրասենյակներն ու բնակելի տները։