«Ռուսական գործով» ԱՄՆ հատուկ դատախազն առաջադրել է առաջին մեղադրանքները. CNN
International newsԱՄՆ նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության» մասին գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն առաջադրել է առաջին մեղադրանքները, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների:
«Մենք չգիտենք՝ ում դեմ, ինչպես նաև՝ ինչ տեսակի մեղադրանքներ»,- հայտարարել է CNN-ի հաղորդավարը՝ նշելով, որ մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին: Հայտնի չէ նաև, թե գործում քանի մարդ է ներգրավված:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է հրապարակել մանրամասներն արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: CNN-ի աղբյուրներն ընդգծել են, որ մեղադրանքները կարող են վերաբերել Մյուլերի հետաքննության ընթացքում բացահայտված ֆինանսական հանցագործություններին, բայց չվերաբերել անմիջականորեն Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի շտաբի «պայմանավորվածությանը»:
«Ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտությունը», ինչպես նաև Ռուսաստանի հետ Թրամփի ենթադրյալ կապերը հետաքննում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն և կոնգրեսը: Գործում ներգրավված են ԱՄՆ նախագահի փեսան և որդին, ինչպես նաև Թրամփի նախընտրական արշավի ղեկավար Փոլ Մանաֆորտը: