Թրամփը մտադիր է հզորացնել ԱՄՆ-ի միջուկային զինանոցն ու հեշտացնել դրա կիրառման պայմանները
International newsՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է նոր քաղաքականություն վարել միջուկային զենքի ոլորտում, որի նպատակը հետսառըպատերազմյան զինաթափման դարաշրջանին վերջ տալն է, ԱՄՆ-ի միջուկային զինանոցի հզորացումն ու այն կիրառելու հնարավորություն տվող պայմանների թուլացումը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «Միջուկային դրության վերանայման» մասին փաստաթուղթը ներկայացվել էր դեռևս սեպտեմբերին՝ Սպիտակ տանը Թրամփի ու ազգային անվտանգության հարցերով խորհրդականների միջև հանդիպման ժամանակ: Կոնգրեսն ու դաշնակից պետությունները ևս տեղեկացվել էին փաստաթղթղի մասին: Այն առաջարկում է զինանոց վերադարձնել «Տոմահավկ» տեսակի միջուկային հրթիռները:
Պարբերականը նկատում է, որ Թրամփը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը զարգացնելու մտադրության մասին՝ ցանկանալով այն տասնապատկել:
Մինչդեռ փոխնախագահ Մայք Փենսն այս առնչությամբ հայտարարել է, որ «համաշխարհային խաղաղության ապահովման համար վճռորոշ դեր է խաղում ՄԱՆ-ի միջուկային զինանոցը»:
«Պատմությունն ապացուցել է, որ աշխարհում դեպի խաղաղություն տանող ճանապարհը կախված է Ամերիկայի հզորությունից: Մինչդեռ Ամերիկայի հզորության գլխավոր բաղադրիչը, դեպի համաշխարհային խաղաղություն տանող գլխավոր ուժը Միացյալ Նահանգների միջուկային զինանոցն է», -ասել է Փենսը:
Պարբերականը նկատում է, որ Թրամփի նոր քաղաքականությունը հակասում է նախկին ղեկավար Բարաք Օբամայի՝ միջուկային զինաթափմանն ուղղված քաղաքականությանը:
Այժմ Թրամփը, հաշվի առնելով Հյուսիսային Կորեայից եկող միջուկային սպառնալիքն ու Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունները, ցանկանում է հզորացնել երկրի միջուկային ներուժը:
Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ սա կարող է սկիզբ դնել միջուկային սպառազինման նոր մրցավազքին: