Իրաքյան Քրդստանի նախարարների խորհուրդը խոստացել է պատժել խորհրդարանի շենքի վրա հարձակված անձանց
International newsԻրաքյան Քրդստանի նախարարների խորհուրդը դատապարտել է անցած գիշեր Քրդստանի խորհրդարանի շենքի վրա իրականացված հարձակումն ու խոստացել պատժել անկարգություններին մասնակցած բոլոր անձանց, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«Քրդստանի դեմոկրատական կուսակցության» անդամ հանդիսացող ակտիվիստները հարձակվել էին ոչ միայն խորհրդարանի, այլև քրդական մի շարք այլ կուսակցությունների գրասենյակների վրա:
Նախարարների խորհուրդն ընդգծել է, որ որոշ ուժեր նման կերպ ցանկանում են բռնության մթնոլորտ ստեղծել Էրբիլում:
Իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին զսպվածություն դրսևորել, չտրվել սադրանքներին ու չնպաստել երկրում քաոսի ու բռնության տարածմանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ։