Նյու Յորքի ահաբեկիչը Uber-ի վարորդներից էր
International newsՆյու Յորքի ահաբեկչության իրագործման մեջ կասկածվող Սեյֆուլո Սաիպովը Uber-ում վարորդ էր աշխատում, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Uber-ից հաստատել են, որ Սաիպովը կենսաբանական տվյալների ստուգում է անցել:
Հաղորդվում է, որ նրան արգելափակել են տաքսի ծառայության հավելվածում: Հիմա ընկերությունը ՀԴԲ-ի եւ իրավապահ այլ մարմինների հետ համագործակցում է ահաբեկչության հետաքննությանն օգնելու համար:
Երեքշաբթի ցերեկը Մանհեթենում բեռնատարը մի քանի փողոցներում ընթացել է հեծանվային ուղեմասով՝ ճանապարհին վթարի ենթարկելով հեծանվորդներին, այնուհետեւ մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ: Վարորդին ոստիկանները վիրավորել են: Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ Արգենտինայի 5 քաղաքացի, ավելի քան 10 մարդ տուժել է: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն տեղի ունեցածը ահաբեկչություն է բնութագրել, Դոնալդ Թրամփը հարձակվողին անմեղսունակ է անվանել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը 29-ամյա ուզբեկ Սեյֆուլո Սաիպովն է, որն ԱՄՆ է եկել 2010 թվականին: Վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին՝ NBC-ն հայտնել է, որ կասկածյալը մեքենայի մեջ գրություն է թողել այն մասին, որ հարձակումն իրականացնում է «Իսլամական պետություն» խմբավորման անունից: