Իրաքի վարչապետը հայտարարել է բոլոր վիճելի տարածքներում իրաքյան բանակի վերահսկողության սահմանման մասին
International newsԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի բոլոր վիճելի տարածքներում Իրաքի բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել, այս մասին հաղորդում է diken.com.tr կայքը:
Նշենք, որ նախօրեին Իրաքի խորհրդարանը նոր որոշում է ընդունել վիճելի տարածք համարվող Քիրքուքի հետ կապված: Ըստ խորհրդարանի ընդունած որոշման՝ Իրաքի բանակից բացի որևէ այլ ռազմական ուժ իրավունք չունի մուտք գործել կամ դիրքեր հաստատել Քիրքուքում: Ընդունված փաստաթղթում նշվում է, որ որոշումը տարածվելու է ոչ միայն Քիրքուքի, այլև բոլոր վիճելի տարածքների վրա:
Աբադին նաև նշել է, որ մոտ ապագայում Իրաքի դաշնային իշխանությունները կվճարեն Իրաքյան Քրդստանի պետական պաշտոնյաների, ինչպես նաև քրդական «փեշմերգայի» մարտիկների աշխատավարձերը:
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: