Թուրքական դատարանը կալանավորման որոշում է կայացրել Օսման Քավալայի նկատմամբ
International newsՕրեր առաջ Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված «Անատոլիայի մշակույթ» ՀԿ–ի ղեկավար, հայտնի գործարար Օսման Քավալայի նկատմամբ դատարանը կալանավորման որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Օսման Քավալան հոկտեմբերի 31–ի երեկոյան երկարատեւ հարցաքննության է ենթարկվել ոստիկանությունում, որից հետո նրան տեղափոխել են դատարան։
Դատարանն էլ իր հերթին կալանավորման որոշում է կայացրել Օսման Քավալայի նկատմամբ։
Նշենք, որ Օսման Քավալան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։
Նրա հիմնադրած «Անատոլիայի մշակույթ» (Anadolu kultur) ՀԿ-ն ֆինանսավորում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի եւ իրավունքների հետ կապված բազմաթիվ նախագծեր։