Թրամփը չի այցելի Հս. և Հրվ. Կորեաների սահման՝ ժամանակ չունենալու պատճառով
International newsՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հայտարարել էր Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային ապառազմականացված գոտի այցելելու մտադրության մասին, չեղարկել է սպասվելիք այցը:
Ինչպես նշում է The Guardian-ը, այցը պետք է կայանար Թրամփի 12 օր տևողությամբ ասիական շրջագայության ընթացքում:
«Նախագահը չի այցելի երկու երկրների միջև սահմանային ապառազմականացված գոտի, քանի որ նա դրա համար բավականաչափ ժամանակ չունի»,-պատմել է բարձրաստիճան պաշտոնյան:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ստեղծված իրավիճակի ֆոնին, երբ Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններն առավել քան երբևէ լարված են Փհենյանի միջուկային և բալիստիկ ծրագրերի պատճառով, Թրամփի այցն առանձնահատուկ կարևորություն կունենար:
Հայտնի է, որ 1980-ական թվականներից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները՝ բացառությամբ միայն Ջորջ Բուշ–կրտսերի, այցելել են Հյուսիսային և Հարավային Կորեաների սահման:
Նշվում է, որ դրա փոխարեն 71-ամյա Թրամփը կայցելի ամերիկյան ռազմակայաններից մեկը, կհանդիպի զինվորականներին: Նախագահի ասիական շրջագայությունը մեկնարկելու է շաբաթվա վերջին. առաջին կանգառը լինելու է Ճապոնիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանագիծ էր այցելել Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը: Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նպատակը Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ սկսելը չէ: Նա ընդգծել էր, որ Վաշինգտոնը հարցի դիվանագիտական լուծման կողմնակից է:
Հավելենք, որ երկրների միջև եղած ապառազմականացված գոտին, որը Հյուսիսային և Հարավային Կորեաների փաստացի սահմանն է, ունի 4 կմ լայնություն և 250 կմ երկարություն: Այն հաստատվել է 1953թ.՝ Կորեական պատերազմի ավարտից հետո: Այնուհանդերձ, կողմերը տեխնիկապես շարունակում են հակամարտության մեջ մնալ, քանի որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:
Հանրապետական Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն սկսել է ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն վարել Հյուսիսային Կորեայի հանդեպ: Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան, եթե այդ երկիրը չհրաժարվի միջուկային ու հրթիռային փորձարկումներից: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ միջուկային ու հրթիռային ծրագրերն ԱՄՆ-ի ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են: