Աֆրինում իրականացվելիք ռազմական գործողության շրջանակում սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում իրականացվելիք ռազմական գործողության շրջանակում սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Իդլիբում անցկացվող գործողությունների հետ կապված՝ Ռուսաստանի հետ անմիջական համագործակցության մեջ ենք: Այս համագործակցության մեխանիզմը տարածվելու է նաև Աֆրինի վրա: Պառակտիչ ահաբեկչական խմբավորման անդամները (նկատի ունի քրդական ուժերին-tert.am) ցանկանում են հյուսիսից Միջերկրական ծով իջնել: Մենք, իհարկե, թույլ չենք տա»,- ասել է Էրդողանը:
Շաբաթներ առաջ հաղորդվել էր, որ թուրքական զինված ուժերի առաջին շարասյունը մտել է Իդլիբ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան գործում է Աստանայում Մոսկվայի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում: Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը կտեղակայվեն Իդլիբում անվտանգության գոտում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին սահմաններին: