ԱՄՆ․ Հյուսիսային Կորեան կարող է նորից ընդգրկվել ահաբեկիչներին հովանավորող երկրների ցուցակում
International newsՀյուսիսային Կորեան կարող է նորից ընդգրկվել ահաբեկիչներին հովանավորող երկրների ցուցակում։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցրերով խորհրդական Հեբերթ Մաքմաստերը՝ նշելով, որ դա կարող է դառնալ Փհենյանի կողմից աճող միջուկային սպառնալիքին դիմակայելու Դոնալդ Թրամփ մարտավարության մի մասը, հայտնում է AP-ը։
«Ես կարծում եմ, որ դուք ավելին կլսեք»,- ասել է նա՝ նշելով, որ Մալայզիայում Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբոր սպանությունն ահաբեկչական ակտ էր, որը կարող է հանգեցնել նրան, որ երկիրը կընդգրկվի վերոնշյալ ցուցակում, որում այս պահին արդեն կան Իրանը, Սուդանն ու Սիրիան։
Մալայզիան երբեք ուղղակիորեն Հյուսիսային Կորեային չէր մեղադրել, սակայն Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ հարձակումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մտահղացումն էր, որն ուզում էր սպանել իր եղբորը՝ Կիմ Չեն Նամին։
«Ռեժիմ, որը սպանում է ինչ-որ մեկին օդանավակայանում՝ օգտագործելով նյարդապարալիզացնող գազ, բռնապետ, որը սպանում է եղբորը, սա ահաբեկչության ակնհայտ ակտ է, որը համապատասխանում է նաեւ այլ գործողություններին»,- նշել է Մակմաստերը՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեային ահաբեկչությանն հովանավորող երկրների ցուցակում ներառելը քննարկվում է։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը մահացել էր փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում։ Մալայզիայի իշխանությունները հայտնել էին, որ մահը վրա է հասել արգելված նյարդապարալիզացնող նյութի ազդեցությունից։ Սպանության մեջ մեղադրվում են Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացի կանայք։ Նրանց մահապատիժ է սպառնում։