Քիրքուքի ռազմական գործողության ժամաանակ քաղաքը լքել է 183 000 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
International newsԻրաքյան Քիրքուքում իրականացված ռազմական գործողությունից հետո քաղաքը լքել է 183 000 խաղաղ բնակիչ: Այս մասին գրում է demokrathaber.org կայքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի նոր զեկույցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Ինչպես ներկայացնում է ՄԱԿ-ի՝ Քիրքուքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցը, Քիրքուքի ռազմական գործողության առաջին օրերին քաղաքը լքել է 78 000 խաղաղ բնակիչ, հետագա օրերի ընթացքում այդ թիվը հասել է 183 000-ի:
Նշվում նաև, որ Քիրքուքից հարկադրված դուրս եկած խաղաղ բնակիչների 3/4-ը քրդեր են:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քուրդիստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):