ՀՀ ԱԳ և Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները
PoliticsՊաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ նախարար Ցախի Հանեգբին ջերմությամբ վերհիշեց ս. թ. հուլիսին Երևանում իր հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հույս հայտնելով, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում շփումների ակտիվացումն ու առավել հաճախակի փոխայցելությունները վկայում են հայ-իսրայելական հարաբերություններն առավել խորացնելու երկկողմ հետաքրքրվածության մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան նախարար Հանեգբիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Նախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: