ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան տեղյակ են եղել Քիրքուքի գործողության մասին. Բարզանի
International newsԻրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Քիրքուքում քրդական ուժերի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունից տեղյակ են եղել և՛ ԱՄՆ-ն, և՛ Մեծ Բրիտանիան: Բարզանին նաև շեշտել է, որ Քիրքուքի գործողությունը ղեկավարել է Իրանի Իսլամական հանրապետությունը:
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Բարզանին նշել է, որ իր նախաձեռնած անկախության հանրաքվեով ինքն անկախ ամեն ինչից ապահովագրել է քուրդ ժողովրդի ապագան:
«Կարևորը, որ ժողովրդի 93 տոկոսը կողմ քվերակեց: Այո, հանրաքվեից հետո որոշ դժվարություններ եղան, բայց դա չի նշանակում, որ քրդերը պարտվել են», - ասել է Բարզանին:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քուրդիստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: