ԵԽ Կոնգրեսի նախագահն այցելել Է ՀՀ ԱԳՆ
PoliticsԱրտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նոյեմբերի 9-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարի անունից ողջունելով ԵԽ բարձրաստիճան հյուրին` Կարեն Նազարյանը կարևորել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում Կոնգրեսի տրամադրած փորձագիտական աջակցությունը, ի թիվս այլոց` 2016թ. հունիսին ստորագրված Ճանապարհային քարտեզի շրջանակներում։
Նա անդրադարձ է կատարել տեղական ժողովրդավարության ոլորտում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք բարձր է գնահատվել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը՝ արձանագրելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման հետևողականությունը և դինամիկ ընթացքը։