«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը պատրաստակամ է ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջողությունը
Politics«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը պատրաստակամ է ապահովել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջողությունը։
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության մամուլի ծառայությունից, այս մասին ասել է կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն։
Հաղորդագրության մեջ նշված է. «Այսօր` նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը (ՀԸԳՀ): Սա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ-ի և ԵԱՏՄ անդամ երկրի միջև: Համաձայնագրի տեքստը բանակցությունների սեղանին է եղել մոտ 15 ամիս և նախաստորագրվել է այս տարվա մարտին:
ՀԸԳՀ-ի իրականացումը կապահովի վերջին տարիներին ընթացող բարեփոխումների շարունակականությունը` հատկապես իրավական, դատական համակարգերի, հանրային և սոցիալական ինստիտուտների և կառավարման ոլորտներում: Հաշվի առնելով կողմերի կիսած քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում Հայաստանի և Եվրոպական Միության միջև առավել ամուր համագործակցության հաստատման համար` տնտեսության, այդ թվում` էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և առևտրի ասպարեզներում:
Համաձայնագիրը հնարավորության է ընձեռում Հայաստանին խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի և անդամ պետությունների հետ: Լինելով իր տեսակի մեջ առաջինը` համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել և նախադեպ դառնալ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված երկրների հետ ԵՄ հետագա հարաբերությունների համար:
Այսօր` ավելի վաղ, նախաստորագրվել է ԵՄ-Հայաստան ավիացիոն համաձայնագիրը` ստեղծելով հնարավորությունների լայն շրջանակ եվրոպական քաղաքների և Հայաստանի միջև օդային կապերի ինտենսիվացման, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խորացման և տնտեսական փոխանակումների հետագա աճի համար: