Տարիներ շարունակ ընդդիմադիրներն ասել են այն, ինչ չեն կարող անել. Լյուդմիլա Սարգսյան
PoliticsՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ քաղաքացին իր ձայնը 10 հազար դրամով վաճառեց Հանրապետականին, և սպասել, թե ժողովուրդը կմտնի ակտիվ քաղաքականության մեջ, իրատեսական չէ: ORER.am-ի փոխանցմամբ՝ նման կարծիք Սարգսյանը հայտնեց այսօրվա ասուլիսին:
«Երբ ընդդիմությունն ասում է՝ պայքարում ենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ինչո՞ւ չի հնչեցնում, թե ում է ուզում տեսնել նրա փոխարեն: Կարևոր է, որ մարդիկ լսեն՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա՝ ո՞վ»,- ընդգծեց բանախոսը:
Ըստ նրա՝ բավարար չէ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի հիմքը դարձնել միայն նրա այն հայտարարությունը, թե ինքը չի հավակնում դառնալ վարչապետ կամ նախագահ:
«Մարդիկ հենց այնպես փողոց դուրս չեն գա: Տարիներ շարունակ ընդդիմադիրներն ասել են այն, ինչ չեն կարող անել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Խոսելով ընդդիմադիր դաշտի թերացումների մասին՝ Լ.Սարգսյանն արձանագրեց, որ այն պառակտված է: ՎՍԴՀԿ ատենապետը գտնում է, որ իշխանությունը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի, հակառակ դեպքում ընդդիմությունը Հայաստանում լրիվ կքայքայվի: