Մինչ եռյակի տարբեր ներկայացուցիչներ միմյանց հակասելով հաջորդ հանրահավաքի օրվա մասին դատողություններ էին անում, ԲՀԿ-ն այդ հարցը լուծեց միանգամից՝ արագ կերպով: Ոչ, նա, իհարկե, հանրահավաքի օր չհայտարարեց, պարզապես իր քաղխորհրդի հայտարարությամբ հասկացրեց, որ այսուհետ միայն մենք կորոշենք, թե երբ ինչ կլինի և ինչը ինչպես պետք է անել, իսկ մնացածը ուղղակի թող տեղավորվեն մեր գրպաններում: Սա՝ իմ բառերով, իսկ իրենց բառերով նույնը հնչել է մոտավորապես այսպես՝ «համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական և հասարակական կառույցների հետ»... և այլն:
Այսինքն, ընդամենը տրաֆարետների փոփոխությամբ հանրապետության տարածքում ԲՀԿ-ի մի շարք գրասենյակներ դարձան «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ», իսկ եռյակի մյուս անդամներն ու գրպանային կուսակցություններն էլ՝ «համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական և հասարակական կառույցներ», այսինքն՝ կրկին գրպանային կուսակցություններ, որոնց թվում արդեն կարելի է համարել նաև ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»: Այո, գրպանային, որովհետև «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներում», ըստ ԲՀԿ-ի քաղխորհրդի հայտարարության, հիմնական դերակատարները լինելու են ԲՀԿ-ականները, ԲՀԿ-ն ամեն ինչ որոշեց եռյակի փոխարեն, ԲՀԿ-ն ինքը եռյակն է:
Հետո էլ ասում են, թե Ծառուկյանը շախմատից գլուխ չի հանում, միայն բազկամարտից է հասկանում: Պարզվում է, որ լավ էլ հանում է, կամ էլ շախմատից գլուխ հանող խորհրդատուներ ունի. ընդամենը տրաֆարետի փոփոխությամբ լուծվեց հարցը: ԲՀԿ-ն գոհ է ու երջանիկ, նա այլևս ոչ թե այլընտրանք է կամ ոչ իշխանական, այլ տրաֆարետային ընդդիմություն է: Նա հասավ իր բաղձալի նպատակին՝ փոխեց իր գրասենյակների անվանումը: Բովանդակությունը դրանից չփոխվեց, քանի որ բովանդակության փոփոխությունը անհնար եմ համարում նույնիսկ իրենց բաղձալի իշխանափոխությունն իրականանալու դեպքում:
ԲՀԿ-ի համար իշխանափոխությունն այս դեպքում, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է: Գուցե ինքն էլ դա գիտակցելով՝ գլխից բարձր թռչել փորձելու փոխարեն թռիչքների համար առայժմ ցածր, հասանելի նշաձող ընտրեց, ավելի հեշտ փոփոխություն՝ ընդամենը տրաֆարետների փոփոխություն:
Կարեն Վարդանյան