Եթե վաղը հաղթանակ չլինի, երևի աշխարհը կփլվի. սուզորդ Շավարշ Կարապետյան
PoliticsԻնչպես հայտնում է ORER.am-ը, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով հասան Հանրապետության հրապարակ: Այնտեղ արդեն մեկնարկել է հանրահավաքը:
Շարժման ակտիվիստ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն իր ելույթում ընդգծեց` ապագա կառավարության ձևավորման հիմքը պետք է լինի ազատությունը: Ըստ նրա` անցումային կառավարությունը պետք է կարողանա վերականգնել վստահությունը կառավարման համակարգի նկատմամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գնել Սանոյանի խոսքով` սա միակ շարժումն է, որի ժամանակ մարզերի բնակիչներն ինքնակազմակերպված ակցիաներ էին անում:
«Պայքարի ձևերը բոլորը գիտեն: Երբ որևէ մարզում լինի, ապա այնտեղ բողոքի ալիք կբարձրանա»,- ասաց նա:
Հանրահավաքին ներկա էր աշխարհահռչակ սուզորդ Շավարշ Կարապետյանը:
«Ռուսաստանի երիտասարդները որպես դեսպան էին ուղարկել ինձ այստեղ, որ ասեմ` նրանք և աշխատավոր ժողովուրդը ձեր կողքին են: Ճշմարտությունը ձեր սրտում է: Եթե վաղը հաղթանակ չլինի, երևի աշխարհը կփլվի»,- հայտարարեց Շավարշ Կարապետյանը:
ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանն էլ շեշտեց, որ այս հեղափոխությունը եկել է, որպեսզի թարմացնի, լավացնի առկա պետական ծրագրերը: Նարեկ Բաբայանի կարծիքով` պարտավոր ենք սկիզբ դնել մեծ հայրենադարձության:
Աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը նույնպես խոսեց հայրենադարձության մասին: Ըստ նրա` պետք ունենանք մասնագիտական, տնտեսագիտական, երիտասարդական և այլ ձևի ներգաղթ: Հավաքը դեռ չի ավարտվել:
Մեր թղթակիցը կշարունակի փոխանցել թարմ տեղեկատվություն: