62 կողմ, 39 դեմ․ Ազգային ժողովը հավանության արժանացրեց Կառավարության ծրագիրը
PoliticsԱզգային ժողովն այսօր հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության ծրագիրը:
Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք,որ ԱԺ «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան դաշինք խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, իսկ «ՀՀԿ» խմբակցությունը, թեև դեմ էր ծրագրին, միևնույն է, հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայները:
Հիշեցնենք, որ նոր կառավարությունը ձևավորվել է Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը բաղկացած է 7 կետից` կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-սփյուռք կապեր։
«Կառավարության գործունեության հիմնական ուղենիշները» բաժնում նշված է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում՝ որպես մշտական քաղաքական իրողություն: