«Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ». մարզպետ
Politics
Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե կլինեն կոռուպցիոն չարաշահումներ, եթե կլինեն հարցեր, որոնք վնասել են սյունեցուն, միանշանակ, օրենքի ողջ խստությամբ կպատժվեն:
«Այժմ բոլոր սյունեցիներին կոչ եմ անում՝ եթե իրականում կա վախի մթնոլորտ՝ ես հավաստիացնում եմ և որպես Սյունիքի մարզպետ՝ խնդրում եմ՝ չվախենան ոչնչից, որովհետև ես պատասխանատու եմ նրանց համար՝ բոլոր սյունեցիների համար»,- ասաց նա և նշեց, որ ցանկացած պահի հասանելի է ցանկացած սյունեցու համար, և ոչ մեկը չի կարող խնդիր ունենալ:
«Ես մինչև այս էլ անձնապես սատար եմ եղել սյունեցիներին իմ հնարավորությունների չափով, այսօր առավել ևս պատասխանատվություն եմ կրում սյունեցիների համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը ազդեցություն չի ունենալու Սյունիքի մարզում, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Իմ մասով կոնկրետ կասեմ՝ ոչ ոք չի կարող ինձ վրա՝ որպես Սյունիքի մարզպետի, ազդեցություն ունենալ»:
Նա նշեց, որ Սյունիքի մարզում եթե ծեծկռտուքներ լինեն, օրենքի ողջ խստությամբ կպատժվեն, և ինքն էլ օրենքի կողքին կանգնած կլինի: Անդրադառնալով կադրային ջարդի հնարավորությանը՝ մարզպետն ասաց, որ կադրային ջարդ հասկացությունը չի ընդունում, բայց կադրային փոփոխություններ կլինեն: