Վիգեն Սարգսյանը խուսափեց պատասխանից
PoliticsԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում իրականացված խուզարկությունը, զենք-զինամթերքի, կենցաղային իրերի, մեքենաների և զինվորների համար նախատեսված սննդի հայտնաբերումը շատ մարդկանց զայրույթն առաջացրեց: ORER.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից, սակայն նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:
«Դիմեք կուսակցության մամուլի բաժին»,- հորդորեց նա:
Նշենք, որ այդ պահին մենք արդեն ծանոթ էինք Հանրապետական կուսակցության հայտարարությանը, որը տարածել էին լրատվամիջոցները: Մեզ անհրաժեշտ էր հենց նախկին նախարարից ստանալ որոշ պարզաբանումներ:
Հիշեցնենք,որ ՀՀԿ-ն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է:
Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև: Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»