«Պատժվելու են բոլոր սպաները, որոնք կփորձեն ահազանգող ծնողի որդուն նեղացնել ». Փաշինյան
PoliticsՎարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերին ուղղված հարցերից մեկը զինվորների սննդակարգին էր վերաբերում, հատկապես այն ծառայողների, որոնք դիրքերում են։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Նա կոչ արեց մամուլի միջոցով տեղեկացնել բոլոր այն փաստերի մասին, որոնք վերաբերում են զինվորների թերսնմանը կամ դիրքեր սննդի մատակարարման ուշացումներին։
«Դիմեք վարչապետի աշխատակազմ, գրեք սոցցանցերում. օգնեք մեզ գտնել այդ հասցեները և արագ լուծել այդ հարցերը»,–հորդորեց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ զինվորը պիտի լինի կուշտ, ունենա լավ հագուստ. «Մեզ համար առաջնային է բանակի չարաշահումները պատժելը: Եթե մինչև հիմա միայն ճառեր էին այդ մասին ասվում, հիմա զինվորի հաց ուտողը պատժվելու է: Բայց չեմ ուզում ընդհանուրի տակ նվիրված սպաների ու հրամանատարների անունը սևացնել: Լրջորեն զբաղվելու ենք բանակով»։
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ պատժվելու են բոլոր սպաները, որոնք կփորձեն ահազանգող ծնողի որդուն նեղացնել: