«ԲՀԿ-ն ստացավ այն, ինչ ուզում էր։ Ձեռք բերեց բռենդ, ինչը հնարավորություն է տալիս իրեն զգալ որպես կուսակցություն գումարած ժողովրդական ճակատ»,- այսօր Հայելի մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ՝ անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին և, մասնավորապես, եռյակի գործունեությանը,- հայտնում է Orer.am-ը։
Ըստ Անդրեաս Ղուկասյանի՝ Գագիկ Ծառուկյանը բիզնես տեսանկյունից բավական հաջող գործարք կատարեց և ձեռք բերեց բռենդ. «ԵՎ ՀԱԿ-ը, և Ժառանգությունը չունեն ռեսուրսներ, սակայն ունեն համբավ, քանի որ այս տարիներին պայքարել են հանրային շահը պաշտպանելու համար։ Գագիկ Ծառուկյանը գնեց այդ բռենդները՝ իր կուսակցության գրասենյակները դարձնելով «Համաժողովրդական շարժման» գրասենյակներ: ԲՀԿ առաջնորդի այս քայլը դժգոհություն առաջացրեց Լևոն Տեր -Պետրոսյանի մոտ, և մենք տեսանք ՀԱԿ հայտարարությունը, որը կարծես զգուշացում էր»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նույն ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց , որ այսօր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ուժերի վերադասավորման փորձեր են, քաղաքական ուժերի միջև համագործակցության եզրեր գտնելու տարբերակ։ Ըստ քաղաքագետի՝ եռյակի համագործակցությունը երկար կյանք չի ունենա, քանզի արդեն իսկ տարաձայնություններ կան 2 ուժերի միջև։ Ինչ վերաբերվում է Ժառանգությանը, ապա այն քաղաքական ուժ չունի, ընդամենը քանակ ապահովող կառույց է։
Զեմֆիրա Կալաշյան