Էդուարդ Շարմազանովը խորհրդարանը ինքնալուծարելու հիմքեր չի տեսնում
PoliticsԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իրավբական առումով խորհրդարանը ինքնալուծարելու հիմքեր չի տեսնում: ՀՀ ԱԺ փոխնախագահը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում:
Շարմազանովի գնահատմամբ՝ Ազգային ժողովը ընտրվել է օրինական, արդյունքները ճանաչվել և լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից: «Հետևաբար, իրավական առումով Հայաստանի օրենսդիր մարմինը ինքնալուծարելու որևէ հիմք առկա չէ: Սահմանադրությամբ պաշտպանված է իշխանությունների հավասարակշռման և տարանջատման սկզբունքը: Սա դոգմա է և պետք է կիրառելի լինի բոլորիս համար, այդ թվում` նոր կառավարության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելել է, որ կառավարության ղեկավարը հրապարակ է նետել երկուսից երեք ամսում հրատապ ընտրություններ անցկացնելու գաղափարը:
«Ընդամենը մեկ ամիս առաջ նա նշում էր, որ իր կարծիքով ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին: Իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը նշեց, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք և փոփոխություններ կատարվեն կուսակցությունների մասին օրենքում և այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պարագայում: Ու՞ր է ընդունված ընտրական օրենսգիրքը, ու՞ր է կուսակցությունների մասին նոր օրենքը և ու՞ր է վերջապես քաղաքական կոնսենսուսը խորհրդարանական ուժերի միջև»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Նրա գնահատմամբ՝ ԱԺ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի քաղաքական բազմակարծությունը, իշխանությունների լիակատար տարանջատումը, ինչն անթույլատրելի է: