Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ որոշում կայացնելու
PoliticsՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Մասնավորապես Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):
Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: