ԱՄՆ-ի իշխանություններն զբաղվում են հատուկ ապարատների միջոցով ամերիկացիների ձեռքի հեռախոսներից տվյալների հավաքմամբ, ապարատներ, որոնք տեղակայված են բջջային կապի աշտարակներ նմանակող թեթևշարժիչավոր ինքնաթիռներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ծրագիրն իրագործվում է 2007 թվականից ԱՄՆ-ի արդարադատության նախարարության դատական պրիստավների ծառայության կողմից: Սարքավորանքը, հրատարակության տվյալներով՝ տեղակայված է Cessna ինքնաթիռների վրա, որոնք թռիչքներ են կատարում Միացյալ Նահանգների տարբեր մասերում գտնվող հինգ խոշոր օդանավակայաններից:
Այդ ապարատները, որոնք մշակել է Boeing կորպորացիան, գործում են բջջային աշտարակների սկզբունքով և թույլ են տալիս մեկ թռիչքի ընթացքում տեղեկատվություն հավաքել տասնյակ հազարավոր ձեռքի հեռախոսներից՝ որոշելով դրանց տերերի գտնվելու վայրը մինչև երեք մետր ճշտությամբ: Ըստ որում սարքավորանքը նաև թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել ազդանշանը հեռախոսից և դրանից պատճենել տվյալները, ներառյալ SMS-հաղորդագրությունները և լուսանկարները:
Ծրագրի միջոցով դատական պրիստավները հետևում են այն անձանց, որոնք գտնվում են հետաքննության տակ, այդ թվում՝ մարդասպանների և թմրավաճառների: Սակայն դրա հետ մեկտեղ գերատեսչության տնօրինման տակ տեղեկատվություն է հայտնվում այն մարդկանց հեռախոսներից, որոնց նկատմամբ որևէ կասկած չկա: