«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համացանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են նրանք գլխատում սիրիական բանակի 15 զինծառայողների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ահաբակիչները կրում են ռազմական հագուստ, իսկ զինվորները՝ սև: Նրանք, վերցնելով մեկական դանակ, միաժամանակ գլխատում են բոլորին:
Մի քանի օր առաջ ահաբեկիչները համացանցում տեղադրել էին 26-ամյա ամերիկացի Պիտեր Քեսսիգի սպանության տեսանյութը, ով առևանգվել էր 2013թ. հոկտեմբերի 1-ին: Գերի ընկնելուց հետո նա ընդունել էր իսլամ: Ավելի վաղ ԻՊ-ն մահապատժի է ենթարկել ամերիկացի 2 լրագրողների՝ Ջեյմս Ֆոուլիին և Ստիվեն Սոտլոֆին:
«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:
Միջազգային դաշինքի երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ մոտ երկու ամիս պայքարում են ԻՊ-ի դեմ: