Սանասարյանի կարծիքով նույնիսկ երկրի վարչապետը 100 %-ով չգիտի, թե ինչ է կատարվում
PoliticsՊետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը տեղեկացված չի եղել, թե իր աշխատակիցներն ինչով են զբաղված եղել:
Orer.am-ի հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ իրականում ինքը չի տիրապետել իրավիճակին և կառույցում տեղի ունեցող անցուդարձին, Դ. Սանասարյանն ասաց, որ ծառայության բոլոր աշխատակիցների աշխատանքներին տիրապետել-չտիրապետելու հարց չկա: Եվ եթե ծառայության աշխատակիցներից որևէ մեկն ինչ-որ ձևով ինչ-ինչ հարցերի հետ առնչություն է ունեցել, ինքը հիմա ոչինչ չի ասի, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը:
«Սպասենք, դատարանի վճիռ կլինի և ես այդ ժամանակ իմ դիրքորոշումը հստակ կներկայացնեմ: Ես չեմ կարող 100 %-ով վստահ լինել, որ որևէ անձ որևէ ձևով փորձե՞լ է խառնվել ինչ-որ թեմաների մեջ, թե՞ ոչ: Բայց ի՞նչ եք կարծում, մյուս մարմիններում, մինչև երկրի ղեկավար, ծայրից ծայր կարո՞ղ են տեղեկացված լինել ամեն ինչի մասին: Այդպես չի: Եվ դա բոլոր երկրներին է վերաբերում, այդ պատճառով կա հանցագործություն ասվածը: Չկա մի երկիր, որտեղ հանցագործություն չլինի կամ պաշտոնյաները որևէ թեմայի մեջ չլինեն: Բայց ես չեմ կարծում, որ այս ամենը պետք է ուռճացնել և ասել, որ ես չեմ տիրապետել իրավիճակին: Այնպիսի պրոֆեսիոնալների թիմ, ինչպիսին որ հավաքվել է վերահսկողական ծառայությունում, ովքեր նաև ազնիվ մարդիկ են, վստահեցնում եմ, կարող էր շատ-շատերի նախանձը շարժել»,- ասաց Դ. Սանասարյանը:
Արմինե Գրիգորյան