Ուսանողության օրը խոսենք ոչ միայն այս կամ այն ռեկտորի կամակատար ուսխորհրդի անդամի հետ, այլ նաև` ուսանողների, որոնք դուրս են մնում վարձի պատճառով
SocietyՆոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողության միջազգային օրը: Այդ առիթով Orer.am կայքը որոշեց սոցիալական ցանցերում և դրանից դուրս որոնել մարդկանց, ովքեր կապ ունեն այս տոնի հետ և ունեն ուրույն ասելիք՝ օրվա խորհրդին համահունչ: Բանաստեղծ, բանասեր, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Անահիտ Թադևոսյանն ուսանողի մեջ տեսնում է ինդիվիդում: Երբ հարցրեցինք ժամանակակից ուսանողի կերպարի մասին, նա նշեց, որ իր համար չկա այդպիսի հավաքական կերպար: Անահիտ Թադևոսյանն աշխատում է հասկանալ, թե ինչ է ուզում յուրաքանչյուր ուսանող իրենից, ինչն է հետաքրքիր առանձին յուրաքանչյուրին: Ըստ նրա՝ անգամ նույն տարիքի ուսանողներն ունեն տարբեր աշխարհայացք, վերաբերմունք կյանքի և ուսման նկատմամբ: Ուսանող, ապագա թարգմանիչ և լրագրող Սվետլանա Մուրադյանը համարում է, որ Հայաստանում ուսանողներն ունեն բազում խնդիրներ, որոնք առավելապես շարունակվում են անգամ բուհն ավարտելուց հետո, երբ մասնագետ դարձած շրջանավարտը բախվում է գործազրկության տհաճ ճշմարտությանը։ Աղջիկը կարծում է, որ այս դեպքում, թերևս, լավ կլինի՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ խոսել ոչ միայն այս կամ այն ռեկտորի կամակատար ուսխորհրդի անդամի հետ, այլ նաև՝ այն ուսանողների, որոնք դուրս են մնում համալսարաններից՝ ուսման վարձի չվճարման պատճառով։ Ըստ Սվետլանայի՝ ի վերջո, երբ որևէ բանի միջազգային օրն է նշվում, ապա տարին մեկ անգամ պարզապես ուշադրություն է հրավիրվում այդ երևույթի վրա։
Լևոն Փանոսյան