Առողջապահության նախարարը սոցիալական պետության և բարեփոխումների արագության մասին
PoliticsԱյն, որ առողջապահության ոլորտը մեծ քայլերով զարգանում է, երկու կարծիք լինել չի կարող: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այսօր ընդունվեց նաև 0-ից 18 տարեկանների բուժօգնությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու մասին նախագիծը: Այն անշուշտ գերատեսչության հերթական հաղթանակն է, որն արդեն իսկ հասցրել է մեծ դրական արձագանքի արժանանալ, բայց պարզվում է, որ կան նաև այնպիսիք, ովքեր չեն կարողանում գերատեսչության զարգացման տեմպերին համահունչ առաջ շարժվել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թեև Հայաստանում չէ, սակայն ուղիղ կապով արձագանքել է այսօր ընդունված որոշմանն ու հատուկ շնորհակալություն հայտնել կառավարության աշխատակազմին և հատկապես Տիգրան Ավինյանին արդյունավետ աշխատանքի և աջակցության համար:
Անդրադառնալով կառավարության ժամանակ հնչած մի քանի հարցադումների, թե՝ առողջապահության ոլորտում ծախսվող գումարները օգուտ տալի՞ս են տնտեսությանը, թե՝ ոչ, Ա. Թորոսյանը նշեց, որ ոլորտն այն հազվագյուտներից է, որտեղ ներդրված գումարներից ստացված եկամուտը մի քանի ագնամ ավելի շատ արդյունք է ապահովում, քան կարելի է պատկերացնել:
«Առողջապահության ոլորտում եթե ներդնում ես 1 դոլար, ապա հետ ես ստանում ոչ թե 2 կամ 3, այլ 10, 20, 30 անգամ ավել գումար: Այդ ամենը հաշվարկել են նաև ոլորտի տնտեսագետները և դրանք դրվում են ծրագրերի հիմքում»,- ասաց Ա. Թորոսյանը:
Անդրադառնալով առողջապահության ոլորտի բուժաշխատողների աշխատավարձին, նա նշեց, որ այն կբարձրանա համապատասխան ծանրաբեռնվածության աճին համահունչ: Ա. Թորոսյանը խոսելով բարեփոխումների տեմպի մասին, նշեց, որ անցած տարիներին ոլորտը շատ դանդաղ է աճել ու եթե ցանկանում ենք նախկին խորհրդային երկրների նման աճ ապահովել, ապա պետք է ջանքերը մոբիլիզացվեն ու կրկնապատիկ, եռապատիկ արագությամբ ծրագրերն իրականացվեն:
«Մենք ջանք ու եռանդ չենք խնայում ոլորտը զարգացնելու համար: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության ողջ անձնակազմին, վերջին մեկ տարվա և, հատկապես, վերջին մեկ ամսվա աշխատանքների համար, որի արդյունքում ինտենսիվ աշխատելով ենք կարողացել մեր ծրագրերը կյանքի կոչել»,- ասաց Ա. Թորոսյանը:
Անդրադառնալով կադրային փոփոխություններին, նախարարը նշեց, որ այն անձինք, ովքեր թե՛ տրամաբանորեն, թե՛ բովանդակային և թե՛ արագության առումով չեն տեղավորվում նոր Հայաստանի որդեգրած աշխատաոճի պահանջների մեջ, նրանք ստիպված կլինեն հեռանալ ոլորտից:
«Մեզ պետք են արագ արդյունքներ արձանագրել: Չկա որևէ մեկը, որին չեմ սիրում, լինի բժշկական հաստատության տնօրեն կամ ուսումնական հաստատության ղեկավար: Մեզ պետք է, որ ոլորտը արագ բարեփոխվի, իսկ այդ տեմպին չդիմացող կամ այդ տրամաբանությանը դեմ գնացողները մեզ պարզապես խանգարում են: Մեզ պետք են մարդիկ, ովքեր բարեփոխումներ կիրականացնեն, բայց այդտեղ պետք չէ հետին միտք փնտրել, քանի որ այն պարզապես չկա»,- ասաց Ա. Թորոսյանը:
Արմինե Գրիգորյան