Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը Բեռլինն անվանել է կիբեռլրտեսության մայրաքաղաք: Նա դա բացատրել է նրանով, որ երկրի տնտեսությունը, պաշտպանությունը և միջազգային հարաբերությունները թիրախներ են դարձել հաքերների համար: Նրա խոսքով՝ ամեն օր երեք հազարից ավելի կիբեռգրոհներ են գրանցվում երկրի կառավարության և ԳՖՀ-ի ընկերությունների ինտերնետ-ռեսուրսների վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Die Welt-ին:
«Մենք Գերմանիայի կառավարության և ընկերությունների IT-ենթակառուցվածքի դեմ կիբեռգրոհների աննախադեպ աճ ենք արձանագրում»,- հայտարարել է նա՝ ճշտելով, որ օրական հինգ կիբեռգրոհներ լուրջ վտանգ են ներկայացնում: Ընդսմին հետախուզական ծառայության ղեկավարը նշել է, որ դրանք, որպես կանոն, ձեռնարկվում են Ռուսաստանից կամ Չինաստանից: «Դրանք այնքան հմտորեն են արվում, որ մենք չենք կարող դրանց նայել մատների արանքով»,- ընդգծել է նա: