Սուրեն Ասատրյանը շնորհակալ է ընտրողներից, վստահության նման բարձր գնահատականի արժանացնելու համար
PoliticsԻնչպես արդեն տեղեկարցել ենք Արտաշատի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայներ ստացել է Սուրեն Ասատրյանը: Հիշեցնենք, որ նրա օգտին քվերակել է 712 ընտրող, որի արդյունքում նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ 191 ձայնով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին:
Նման բարձր վստահության քվե ստացած Ս. Ասատրյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենի համար շնորհակալ է իր ընտրողներին, ինչը իր համար շատ պարտավորեցնող է:
«Յուրաքանչյուր քվեն ինձ համար շատ թանկ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հարազատ Արտաշատի բոլոր ընտրողներին ինձ նման բարձր գնահատականի արժանացնելու և վստահելու համար: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր աշխատեցին ընտրությունների ժամանակ՝ հանձնաժողովների աշխատակիցներին, վստահված անձանց, ում ջանքերի շնորհիվ Արտաշատում ընտրություններն անցան շատ բարձր մակարդակով, ինչը ևս պակաս կարևոր չէր ինձ համար»,- ասաց Ս. Ասատրյանը:
Նա վերահաստատեց նաև ընտրություններից առաջ հնչեցրած իր այն մոտեցումը, որ ավագանու անդամ դառնալուց հետո աշխատելու է բոլոր ընտրողների հետ, անկախ նրանից, թե ով է իրեն ձայն տվել, ով՝ ոչ: Բացի այդ, աշխատելու է բաց և թափանցիկ, ի շահ Արտաշատի հզորացման:
«Ես նախկինում խոստացել եմ, որ առանց որևէ խտրականության բոլորի հանդեպ հավասար մոտեցում եմ ցուցաբերելու, անդրադառնալու եմ բոլոր այն խնդիրներին, որոնք այսօր կան Արտաշատում: Երկրում դրական փոփոխությունների հասնելու և մեր քաղաքում ինչ-որ բան փոխելու համար հարկավոր է համախմբված աշխատել, որպեսզի ցանկացած որոշում բխի բոլոր արտաշատցիների շահերից: Ինձ համար չեն եղել ու չկան յուրայիններ կամ հակառակորդներ, և այսուհետ ևս, ամեն ինչ անելու եմ, մեր քաղաքի, մեր երկրի ու ապագայի առաջընթացի ու զարգացման համար»,- ասաց Ս. Ասատրյանը: