Ենթակառուցվածքների անխափան աշխատանքի համար կներդրվեն առավելագույն ջանքեր. ԱՀ պետական նախարար
PoliticsԱրցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրներին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համապատասխան տեղեկատվությամբ հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հավաստմամբ՝ մայրաքաղաքում ձյանմաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտյան՝ ապահովելով մայրաքաղի բնականոն երթևեկը:
Հաշվի առնելով, որ այսօրերին պաշտպանության բանակում տեղի ունենում երդման արարողություններ՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զինծառայողների ընտանիքների ապահով տեղաշարժի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ակնկալելով այդ հարցում նաև համապատասխան գերատեսչությունների աջակցությունը:
Պետական նախարարը վստահեցրել է, որ ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվի առավելագույն ջանքեր:
Հանրապետության որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել, աշխատանքներ են իրականացում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է աշխատանքների օպերատիվությունն ու հետևողականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ հարկ եղած դեպքում ավելացնելով աշխատանուժն ու տեխնիկական միջոցները: