Ինչո՞ւ աշխատավարձ չեն ստացել պետական որոշ կառույցներում. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» օրաթերթը մի շարք պետական կառույցներից, հատկապես ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներից ահազանգեր էր ստացել, որ աշխատակիցները դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։
Նշենք, որ նմանատիպ խնդիր եղել է նաև 2019 թվականի տարեսկզբին։ Պարզաբանումներ ստանալու նպատակով նախ դիմեցինք ֆինանսների նախարարություն։ Նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը նշեց.
«Երբ ֆինանսների նախարարությունը ստանում է ֆինանսավորման հայտ, ավտոմատ կերպով գանձապետարանից կատարում է փոխանցումը։
Չի կարող ֆինանսների նախարարությունը հայտ ստանալ, և այն ուղղակի մնա, քանի որ դա ավտոմատ համակարգ է»,-ասաց Վարդանյանը։
«Փաստը» դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին՝ ճշտելու, թե ինչու հայտերը չեն ներկայացվել և ինչու մարդիկ աշխատավարձ չեն ստանում: Կժդրյանը մեզ հետ զրույցում նշեց՝ աշխատավարձերի ուշացումը համատարած բնույթ չի կրում։
«Բացի դա, նրանք օրենքով կարող են մինչև փետրվարի 15-ն աշխատավարձ ստանալ»,-ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ եթե նման խնդիր կա, կարող են զանգահարել նախարարության թեժ գծին և ասել, որ, օրինակ՝ այսինչ դպրոցում կամ այլ կազմակերպությունում աշխատավարձ չեն ստացել, ըստ այդմ էլ կփորձեն հասկանալ, թե որն է խնդիրը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում