Մասնավոր հյուրանոցը չէր համաձայնվի դառնալ կորոնավիրուսի մեկուսացման վայր. Փաշինյանը ամփոփեց օրը
PoliticsԾաղկաձորում մեկուսացված մարդիկ նույն վիճակում են, այսինքն՝ ախտանշաններ չունեն, բողոքներ չունեն, ջերմություն չունեն և մեկուսացված են անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին այսօր` մարտի 1-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի հանգստյան տներից մեկից ամփոփելով օրը:
Նշենք, որ այս պահին կորոնավիրուսի կասկածով 31 քաղաքացիներ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում:
Նա նշեց, որ՝ իրենք հատուկ են եկել Ծաղկաձոր, որպեսզի աջակցություն հայտնեն բիզնես-համայնքին, քաջալերեն զբոսաշրջիկներին՝ հորդորելով չհեռանալ:
«Իհարկե, քննարկեցինք, թե ինչու պիտի մեկուսացնենք «Գոլդեն փելեսում», ասեմ, որ այն քաղաքացիները, որոնք մեկուսացվել են, մեր հայրենակիցներն են, մեր ընտանիքի անդամներն են և այստեղ կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը: Հնարավոր է՝ վաղը ինձ կամ իմ ընտանիքի անդամներից մեկին մեկուսացնելու կարիք լինի, ուստի ամեն ինչ պետք է անել, որ ստեղծվեն արժանապատիվ պայմաններ, առանց այն էլ նրանք սթրեսային իրավիճակում են: Կարևոր է, որ պետությունը քաղաքացիներին ցուցաբերի պատշաճ վերաբերմունք: Չենք վարձել մասնավոր հյուրանոց, քանի որ տվյալ հյուրանոցը չէր համաձայնվի դառնալ կորոնավիրուսի մեկուսացման վայր: Մեզ հարկավոր էր, որ լինի պետական տարածք: Այս պահին Հանրապետությունում նման տարածքներ չկային»,- ասաց Փաշինյանը: