Ինչ է կարելի և ինչ չի կարելի Սուրբ Զատկին. ներկայացնում է սարկավագը
LifestyleՍարկավագլ բլոգը գրում է՝
Սիրելիներ, քանի որ անհատական նամակներով շատ հարցեր են տրվում Սուրբ Հարության տոնի ավանդական տոնակատարության մասին, որոշեցի գրառում կատարել։
Հուսամ դուք էլ ձեր հերթին կօգնեք սա տարածել։
Զատկական հավկիթը (կարմիր ձու) Հարության տոնի խորհրդանիշն է։ Ձուն ինքնին նոր կյանքի աղբյուր է, ապա նաեւ իր ձեւով պատկերում է մեր երկիրը, որը ներկվել է Տեր Հիսուսի կարմիր արյամբ` թափված մեր փրկության համար։
Փրկչի թափած արյունը թե ողջերիս համար է եւ թե հատկապես ննջեցյալների համար, ուրեմն ՍԽԱԼ Է նոր ննջեցյալ ունեցող ընտանիքում ձու չներկելը։
Քանի որ հավկիթը Հարության խորհրդանիշն է, ՍԽԱԼ Է նաեւ այն Ավագ Հինգշաբթի կամ Ուրբաթ օրը ներկելը, քանի որ ծիսականորեն Հիսուս դեռ Հարություն չի առել։ Մյուս կողմից նաեւ պետք չէ պահքը խախտել` հինգշաբթի կամ ուրբաթ օրը ձու ճաշակելով։ Սովորաբար կարմիր ձուն ներկում են շաբաթ օրը` Ճրագալույցից առաջ։
Չհիմնավորված սովորություն կա Ավագ Հինգշաբթի չներկել հավկիթները, այլ միայն խաշել։ Մեկ այլ անհասկանալի սովորությամբ ոմանք մինչեւ Զատիկ ներկում են ընտանիքի անդամների թվով ձվեր։ Դարձյալ ՍԽԱԼ Է նույն` վերեւում բերված հիմնավորումներով։
Մինչեւ շաբաթ երեկո` մոտավոր 18:00, երբ ծիսականորեն օրը համարվում է փոխված եւ մատուցվում է Ճրագալույցի Զատկական պատարագ, ՍԽԱԼ Է մարդկանց շնորհավորել Սուրբ Հարության առթիվ, առավել եւս ուղարկել անշունչ-անհոգի համացանցային վիրուս-բացիկներ։
Սուրբ Հարության տոնին եւ հաջորդող 50 օրերին քրիստոնյա հայերս ողջունում ենք իրար` «ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ» (Քրիստոս հարություն առավ մեռյալներից) ավետիսով, որին պետք է պատասխանել` «ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ» (Օրհնյալ է Քրիստոսի հարությունը): ՍԽԱԼ Է պատասխանել` «Ձերն էլ շնորհավոր» կամ նման այլ տարբերակներով:
Սուրբ Հարության տոնի հրաշքն ու զորությունը սահմանափակել բացառաբար հավկթախաղով կամ ավանդապահությամբ եւ որպես քրիստոնյա չխորանալ տոնի հոգեւոր եւ փրկչական խորհուրդի մեջ` ամենամեծ ՍԽԱԼՆ Է. Սուրբ Գիրքն ասում է. «Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց. մաքրեցե՛ք, դե՛ն նետեցեք հին մարդուն, որպեսզի նոր արարած լինեք, առանց մեղքերի» (հմմտ. Ա Կորնթ. 5:7)։