Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչի դեմ քրգործ է հարուցվել
LifestyleՎերջին շրջանում թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրադ Օվյուչն իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին, հաղորդում է Ermenihaber-ը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»: Սրան զուգընթաց Քիմն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր Ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:
Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն Օվյուչի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել։
Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քիմ Քարդաշյանին։
Նա նշել է, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։
«Այդպես եմ պատասխանել, քանի որ նա նսեմացրել էր մեր արժեքները»,- ասել է նա։