«Երբ Կայան հիվանդացավ, «խոստացա կատարել ցանկությունը». Մանե Գրիգորյան
Lifestyle«Առավոտ լուսո» հեռուստածրագրի հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը արտակարգ դրության ողջ ընթացքում եթերից չի բացակայել: Աշխատանքային արտասովոր պայմանների, կյանքի նոր ռիթմին հարմարվելու, ինչպես նաեւ իր եւ դստեր՝ Կայայի նոր զբաղմունքի մասին նա պատմել է BRAVO.am-ին:
- Վարակակիրների՝ օրեցօր աճող թվերի պայմաններում ինչպե՞ս եք հաղթահարում տնից դուրս գալու եւ աշխատելու վախը:
- Հանրային հեռուստաընկերությունում առաջին իսկ օրվանից պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները, կատարվել են ախտահանումներ, աշխատակազմը կրել է դիմակներ, այդ իսկ պատճառով մենք մեզ շատ ապահով ենք զգացել: Այս ընթացքում բավական փոխվել է մեր աշխատանքն ուղիղ եթերում. եթե սովորաբար ունենում էինք 4-5 հյուր, զրուցում տարբեր թեմաների շուրջ, արտակարգ իրավիճակում, բնականաբար, հյուրեր առհասարակ չենք ունենում՝ մտածելով թե՛ նրանց, թե՛ մեր անվտանգության մասին:
Աշխատանքից դուրս ես եւ իմ ընտանիքը գրեթե ոչ մի տեղ չենք գնացել եւ մինչ օրս էլ խստորեն հետեւում ենք բոլոր ցուցումներին՝ առաջին հերթին մտածելով մեր ծնողների եւ ավագ սերնդի առողջության մասին: Շատ եմ նեղսրտում՝ տեսնելով մարդկանց անլուրջ վերաբերմունքը: Ուզում եմ BRAVO.am-ի ընթերցողներին էլ դիմել Մակրոնի կոչով` «Եկեք համախմբվենք եւ հաղթենք այս անտեսանելի թշնամուն»:
- Կարանտինի ժամանակ ինստագրամաբնակների առօրյան հետաքրքրացնում ու թեթեւացնում էին Ձեր եւ Կայայի «TikTok»-ները: Ո՞ւմ նախաձեռնությամբ սկսեցիք նկարել դրանք:
- Ժամանակակից երեխաները ծնողներից էլ շուտ են տեղեկանում բոլոր նոր խաղերի, մուլտֆիլմերի եւ, իհարկե, հավելվածների մասին: Աղջիկս դեռ նախորդ տարվանից էր խնդրում ներբեռնել «TikTok»-ը, բայց մերժում էի՝ մտածելով, որ հերթական անիմաստ հավելվածն է: Ի դեպ, շատերը մինչ օրս էլ այդպես են կարծում (ծիծաղում է,-հեղ.), բայց իրականում այն զարգացնում է դերասանական, ռեժիսորական հմտությունները, հնարավորություն տալիս մոնտաժի ճկուն գործիքների միջոցով տասը վայրկյանում մի ամբողջ պատմություն կամ իրավիճակ ներկայացնել:

