Վահե Էնֆիաջյանը ԱԺ ամբիոնից ելույթը սկսեց «Չեք լռեցնելու» պաստառ բարձրացնելով
PoliticsԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում իր ելույթն այսօր՝ հունիսի 16–ին սկսեց` բարձրացնելով «Չեք լռեցնելու» պաստառ, և հայտարարեց՝ «Չենք լռելու և չեք կարող լռեցնել, դա անհնար է»:
«Այլևս Դուք անցաք թույլտրելիի շեմը: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կանգնած է մեծ ընտրության առջև, իրոք ՀՀ-ում սահմանել նոր Հայաստանի խոստացած սկզբունքների կետերը, թե՞ անցնել այն ճանապարհով, որը եղել է նախկինում: ՀՀ ԱԺ-ում եղել են նմանատիպ նախաձեռնություններ, և գիտեք ինչպիսի գնահատականների են արժանացել դրանք: Երբ դատախազը մտել է խորհրդարան սանկցիայով, որ կարողանան անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին, այսօր դուք ոտնձգություն եք իրականացնում ԱԺ պատգամավորի ինստիտուտի նկատմամբ»,-հայտարարեց Էնֆիաջյանը:
Նա շեշտեց՝ ԱԺ պատգամավորին այսօր տրված է լիազորություն՝ չլռելու, խնդիրներ բարձրաձայնելու: «Հունիսի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսել է խնդիրներից, մատնանշել է խնդիրներ: Քաղաքական մեծամասնության կողմից որևէ քաղաքական մեկնաբանություն չի եղել: Փորձել եք խոսել քրեական օրենսգրքի որոշ տարրերի մեկնաբանություններով, սրանք ի՞նչ ձևակերպումներ են, սա ի՞նչ աշխատելաոճ է»,- նշեց նա:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, հարցաքննություն, առերեսում տեղի չի ունեցել, սա շինծու գործ է: «Գործ, որով փորձում եք ընդամենը մեկ խնդիր իրականացնել՝ լռեցնել ՀՀ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժին, չի ստացվելու: Դուք քաղաքական բանավեճի էլ ունակ չեք: Կառավարությունը պետք է գա և խոսի հաշվետվություններից, բացթողումներից, ոլորտային ձախողումներից: 300-ից ավելի մահ կա, ՀՀ-ում Հայաստանի հպարտ քաղաքացիներ են մահացել, ո՞վ է տալու այդ քաղաքացիների մահվան պատասխանը: Վստահ եղեք, այդ պատասխանը տալու ժամանակն էլ է գալու»,- ընդգծեց նա:
Էնֆիաջյանը կոչ արեց «Իմ քայլին» սթափ մտածել, սթափ վարվել, որովհետև ամեն ինչ իր ժամանակն ունի, իր տրամաբանությունն ունի:
Նա հայտնեց, որ այն ժամանակ էլ, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց էր դրվել, ԲՀԿ-ն է դա վիժեցրել, չնայած իրենց սպառնացել էին, որ դա պետական դավաճանություն է, Արցախի հարց կա: Նա ասաց, որ դրանից հետո էլ ամեն ինչով նպաստել են, որ հեղափոխություն ասվածը իրականություն դառնա: «Այո, հուշագիր ենք ստորագրել, ասել ենք, որ օրենքի գերակայություն, ժողովրդի կամաարտահայտությունը ՀՀ-ում գերակայելու է, պատգամավորի անձեռնմխելիությունը և պատգամավորի կարծիք արտահայտելու համար որևէ մեկը իրավունք չունի նրան սաստելու և փորձելու նրա խոսքը խոչընդոտի: