ԱՄՆ-ն միշտ սատարելու է Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների ավարտին: Այս տարվա ընթացքում Բայդենի՝ թվով երրորդ այցելությունն Ուկրաինա նվիրված է Եվրոմայդանի առաջին տարելիցին:
«Ուկրաինան նշում է մեր արժանապատիվ հեղափոխության առաջին տարելիցը և նարնջագույն հեղափոխության տասներորդ տարելիցը: Կարծում եմ, որ այս 2 իրադարձությունները նշանակալից դեր են կատարել նոր պետության ձևավորման գործում: Այժմ, երբ մեր անկախության համար ընթանում է հայրենական պատերազմ, պետությունը իմաստության և համախմբման կարիք է զգում»,-հայտարարեց Ուկրաինայի նախագահը:
Սպասվում էր, որ Բայդենը կհայտարարի Ուկրաինային ոչ մահաբեր ռազմական օգնության ավելացման մասին: Բայց ամփոփիչ մամլո-ասուլիսի ժամանակ և՛ Բայդենը, և ՛ Պորոշենկոն շեշտը դրեցին երկրի արևելքում հակամարտության լուծման մեթոդների վրա: Քաղաքագետները «մինսկյան համաձայնության» ձևավաչափը համարում են հակամարտության կարգավորման առավել արդյունավետ միջոց: ԱՄՆ-ի փոխնախագահը նորից խիստ քննադատության ենթարկեց Ռուսաստանին.-«Ռուսաստանի վարքագիծը իրենից ներկայացնում է միջազգային համակարգի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում: Այդ պատճառով էլ միջազգային հանրությունը միաձայն արձագանքեց՝ բարձրացնելով Ձեր ձայնը, պարո՛ն Պորոշենկո, և բոլոր ուկրաինացիների ձայնը, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանել իր անկախությունը և անվտանգությունը»:
Արևմուտքի երկրները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի արևելքում սեպարատիստներին զինելու և օգնելու մեջ: Ռուսաստանն այդ մեղադրանքները մերժում է և հաստատում, որ իրավիճակն Ուկրաինայում արդյունք է այն բանի , որ կիևյան իշխանությունները չեն ցանկանում արեևելքի հետ հակասությունները կարգավորել: