Խնդիր կա ցույց տալու, որ Իրանը դերակատար է. Արմեն Պետրոսյան
PoliticsԱրևելագետ Արմեն Պետրասյանի կարծիքով Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը իրականում երկու նպատակ է հետապնդում: Առաջինը՝ տարածաշրջանում ձևավորված նոր իրողություններն են, քանի որ Իրանը իր շահերն ունի, երկրորդը՝ տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերություններն են:
«Իրանը, որպես տարածաշրջանում մշտապես կարևոր դերակատարում ունեցած երկիր, որոշ առումով արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ էականորեն զիջել է իր նախկին դիրքերը: Եվ հիմա այս այցով փորձ է արվում վերականգնել դրանք: Փորձ է արվում նաև տնտեսական, քաղաքական կամ որոշակի պայմանավորվածությունների առումներով ծրագրեր ճշգրտել: Այսինքն՝ խնդիր կա նաև ցույց տալու, որ Իրանը դերակատար է և անգամ, վերջին զարգացումները, որտից նա օբյեկտիվորեն դուրս մղվեց, այնուամենայնիվ, շարունակում է տարածաշրջանային դերակատար մնալ»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Պետրոսյանը:
Առանձին երկրների հետ առանձին օրակարգերով հանդիպումներ ունեալը ևս հետաքրքիր է, ըստ արաբագետի, քանի որ այժմ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որի շրջանակներում այդ հարաբերություններից բխող որոշակի օգուտներ քաղելու շրջան է Իրանի համար:
«Այն որ Իրանը դուրս է մղվել Արցախի հարցի կարգավորման ձևաչափից, բնականաբար, հարված է Իրանի դիրքերին, բայց մյուս կողմից հնարավորություն է Իրանի համար ավելին կորզելու և իր կորուստը կոմպենսացնելու համար: Եվ, իմ կարծիքով, Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը հենց սրան է միտված»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Խոսելով Ադրբեջանում արված հայտարարության մասին, որով, փաստորեն Իրանը փորձեց սիրաշահել ադրբեջանին, արաբագետը նշեց, որ Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ գերտերությունները հասկանում են, որ Իրանին տարածաշրջանային զարգացումներից դուրս մղելով պետք է որոշակի փոխհատուցում տրամադրեն: Այսինքն՝ հաղթած կողմը և մյուսները պետք է Իրանին իր հասանելիքը տան և որոշակի զիջումներ կատարեն հօգուտ Իրանի: Եվ հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը:
Արմինե Գրիգորյան