Կառավարության այսօրվա նիստին Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին պետք է տրամադրվի մեկ աշխատողի հաշվով` 6-8 քառակուսի մետր մակերեսով տարածք:Ըստ այդ նախագծի՝ սենյակը, որը պետք է հատկացվի տնօրենին, պետք է լինի 30-50 քառակուսի մետր մակերեսով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր զարմանքը հայտնեց. «Էս տնօրենի սենյակը, որ գրած ա 30-50 քառակուսի մետր, ի՞նչ է անելու»:
Արման Սահակյանը պատասխանեց. «Պարոն վարչապետ, հիմա մեր Իսահակյան 28 շենքում են տեղակայված գրահրատարակիչները, մեր չափորոշիչներով բավականին մեծ տարածություն են կորցնում: Փաստորեն իրենք չեն կարողանում ունենալ պահեստային սենյակ, չեն կարողանում ունենալ տնօրենի սենյակ, դրա համար էլ հստակ չափորոշիչների մեջ մտցրել ենք, որ գոնե այդ երկու տեխնիկական սենյակներն ունենան»:
«Հա, բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ է: 30-ից 40 է գրած, բայց 50 քմ տնօրենն ի՞նչ պետք է անի, 30-ը բավական է, մնացածն աշխատողներին թող տան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրել են խնդիրը, և իրականում դա տնօրենի սենյակ չէ, այն աշխատողների համար է:
«Նրանք պայմանագրային մեծ թվով աշխատողներ են ներկայացնում, մեծ սենյակ է, որտեղ նստած են պայմանագրով աշխատող ձևավորողներ, խմբագիրներ»,- ասաց նա:
«Հա, ավելի լավ ա գրեք` աշխատակիցների սենյակ, միանգամից հասկանանք»,- ասաց վարչապետը: