Նոյեմբերի 1-ին լրացավ Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը
CultureԱյս տարի նոյեմբերի 1-ին նշվեց հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, բազմակողմանի երաժշտա-հասարակական գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանական օրը նշանավորվեց նրա անունը կրող երեք մշակութային հաստատություների՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, տուն-թանգարանի և երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությամբ:


Օպերային թատրոնի հարակից պուրակում մի քանի սերնդի մշակութային գործիչներ և երաժշտասերներ ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, երաժշտագետ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը: Վերջինս յուրօրինակ նվերով էր ներկայացել մեծ կոմպոզիտորի հոբելյանի առթիվ: «Թմկաբերդի առումը» պոեմից մեջբերելով «կինն ու գինին» հատվածը`նա գինի նվիրեց տուն-թանգարանին:


Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին. «Այսօր ուղիղ ժամը 13:00-ին Հայաստանը աշխարհը, Արցախ աշխարհը ապրում է Սպենդիարյանական պահ, և ամենուր հնչում ու հնչելու են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Մեզ են միացել Արցախի հանրային ռադիոն, Հայաստանի հանրային ռադիոն, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը և Մետրոպոլիտենը, մի շարք ուսումնական, մշակութային և ժամանցային հաստատություններ: «Վեմ» ռադիոն օրվա բոլոր հաղորդումները նվիրել է Սպենդիարյանին: 2021 թ. հունվարից մեկնարկել ենք հոբելյանական միջոցառումները, և, ի ուրախություն բոլորիս, շատ երկրներ են միացել մեզ` Ավստրիա, Անգլիա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, շուտով` Իրանում կլինի սիմֆոնիկ համերգ: Բոլորիս շնորհավորում եմ և շնորհակալ եմ Սպենդիարյանին, որ թույլ է տվել ապրել իր աշխարհով և իր երաժշտությամբ» - նշեց նա:

Հայաստանի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Սուրեն Չանչուրյան) անակնկալ ֆլեշմոբ էր պատրաստել հյուրերի համար` Սպենդիարյանի նշանավոր «Էնզելին»:
Միջոցառման երկրորդ հատվածը կայացավ օպերային թատրոնի մեծ ճեմասրահում: Կենտրոնական բանկի կողմից Սպենդիարյանի տուն-թանգարանին հանձնվեց հայ մեծ դասականի 150-ամյա հոբելյանի առիթով թողարկված հուշադրամ:

Միջոցառման համերգային բաժնում թատրոնի մեներգիչների կատարմամբ հնչեցին Ա. Սպենդիարյանի, Ն. Ռիմսկի-Կորսակովի, Ս. Ռախմանինովի ռոմանսներից, ինչպես նաև մեներգեր Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշը» և Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաներից:


