Եռյակից դուրս գալու խնդիր չկա, այդ երեք ուժերի համագործակցությունը կշարունակվի խորհրդարանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես ասել եմ, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական ուժերը ժողովրդի առջև հուշագիր ստորագրեն, որի մեջ նշված կլինի իրենց նպատակը, որոնք ենք այդ նպատակը իրականացնելու միջոցները և որոշումներ կայացնելու մեխանիզմները: Եռյակը պետք է հրապարակային գործի»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս ընդգծեց, որ հոկտեմբերի 24-ից հետո եռյակը ժողովրդի հետ դեմ դիմաց հանդիպումներ չի ունեցել, այնինչ եռյակը պետք է հրապարակային գործի, ինչն էլ ինքը պահանջում է:
«Հանրահավաքների ժամանակ խոսվեց միասնական շտաբների, համաժողովրդական շարժման, բայց նպատակի եւ միջոցների մասին հստակ չխոսվեց: Հարթակում նույնիսկ բանավեճ եղավ, սակայն չի կարելի ժողովրդին բերել եւ հերթական անգամ արձակուրդի ուղարկել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հույս հայտնեց, որ առաջիկայում արդեն կհստակեցվի եռյակի նպատակներն ու միջոցները:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ինքը հույս ուներ, որ եռյակը նոյեմբերին կհանդիպեր ժողովրդի հետ հրապարակում, սակայն այդպես չեղավ եւ հետեւաբար, ինքը հրավիրեց հանրահավաք: