Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել: Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա: Գրում է «Հժ»-ն:
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառ»,
Իհարկե, այստեղ զարմանալի ոչինչ չկա, որովհետև երբ ժամանակին նմանատիպ հանցագործություն կատարվեց և Երևանի մանկապարտեզներից մեկին անորակ թռչնամիս մատակարարվեց՝ պատասխանատուները մնացին անպատիժ: Իսկ, ինչպես հայտնի է, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, որի ականատեսն ենք այս դեպքում:
Նախորդ՝ Երևանի մանկապարտեզի դեպքում իրավիճակը այնքան էլ տարբեր չէ Եղվարդի դեպքից. երկու երիտասարդներ որոշել էին զիբիլը փաթեթավորել և վաճառել որպես հավի միս: Մեծ հաշվով, մեր հանրային կյանքում և կառավարման համակարգում մեծամասամբ փաթեթավորված զիբիլ է՝ վերևից մինչև ներքև: Այստեղ հարցն այն է, որ այդ առողջության համար խիստ վտանգավոր սնունդը վաճառվել է նաև այնպիսի կառույցների, որտեղ սպառողները անխուսափելիորեն երեխաներ են:
Նույնն է Եղվարդի պարագայում. ըստ էության մանկապարտեզներին է առաքվել հայտնի մսատեսակներով և հայտնի պայմաններում պատրաստվող զիբիլ...
Այն, որ այդ մատակարարները անբարոյական քայլ են արել՝ վտանգավոր սնունդը վաճառելով մանկապարտեզներին, աներկբա է: Սակայն ամենատխուրը այն է, որ ճռճռան պետական հիմնարկներում բացարձակապես վերահսկողական մեխանիզմ չկա և այդ սնունդը հասնում է իր թիրախային սպառողին: Որտեղ էին իրենց ուժերը պետականաշինության մեջ ներդնում համապատասխան վերահսկող օղակները, երբ թույնը մտնում էր մանկապարտեզների խոհանոց, անհայտ է, սակայն հայտնի է, որ նրանք պարզապես հանցավոր անգործություն են ցուցաբերել և վտանգել են մեր երեխաների կյանքը…
Սրանք գրանցված դեպքերն են, պատկերացնու՞մ եք, թե քանի նմանատիպ դեպքեր են կոծկվել: Սա այն սահմանն է, որից հետո պետք է ոչ միայն պաշտոնանկությունների հիթ շքերթ սկսվի, այլև բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ…
Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետը պատմաբան է, բայց, փաստորեն, դասեր չի քաղել պատմությունից, և երեխաների թունավորման դեպքերը կրկնվում են...
Սա՝ ի միջի այլոց...
Վարուժան Բաբաջանյան