Արդյո՞ք ԵՏՄ անդամ Հայաստանն ազատ առևտրի համաձայնագիր է կնքել որևէ այլ երրորդ երկրի հետ, որը չի հանդիսանում ԵՏՄ անդամ: Այսպիսի հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:
«Եթե Հայաստանը նպատահարմար գտնի որևէ երկրի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել, ապա պետք է դիմի ԵՏՄ-ին, որպեսզի քննարկեն անդամ մյուս երկրների հետ և դրանից հետո միասին կարող են այդ երկրի հետ համաձայնագիր կնքել»,-ասաց Սուրեն Կարայանը, հավելելով, որ հակառակ դեպքում, եթե որևէ տնտեսական միության անդամ իրավունք ունենա սեփական նախաձեռնությամբ առանձին տնտեսական համաձայնագիր կնքել այս երկրի հետ, այդ դեքում այդ միության իմաստը կորում է:
Պատգամավոր Քոքոբելյանն արձագանքեց. «Ստացվում է, որ մենք չենք կարող մեր հարևան Վրաստանի հետ ազատ տնտեսական համաձայնագիր կնքել»:
Ի պատասպան՝ ֆինանսների փոխնախարարն ասաց, որ Հայաստանը Վրաստանի հետ արդեն իսկ ունի ազատ առևտրի համաձայնագիր, որն այս պահին գործում է և այն կշարունակի գործել ԵՏՄ անդամկցելուց հետո նաև:
Պատգամավորի հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ո՞ր ապրանքներն են թանկանալու, Սուրեն Կարայանը հայտնեց, որ թանկանալու են այն ապրանքները, որոնք Հայաստանում առաջին սպառման ապրանքներ չեն:
«Թանկանալու են այն ապրանքները, որոնք հանդիսանում են վերջնական սպառման արտադրական ապրանք, օրինակ պատրաստի կահույքի դեպքում, օծանելիքի դեպքում թանկացում կարող է լինել, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գները պահպանվելու են»,-ասաց Սուրեն Կարայանը:
Ֆինանսների փոխնախարարն իր ելույթում պարբերաբար նշում էր, որ միանալով ԵՏՄ-ին, մեր գործարար շրջանի արտահանման ծավալը կմեծանա, ինչպես նաև 7-10% կկրճատվեն գործարանական ծախսերը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այս պահին ընթանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը, և հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանում է ԱԺ պատգամավորների հարցերին: