ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հիշեց Պրահայում Սերժ Սարգսյանի հանդիպումները, երբ նրան հարցրեցին՝ ինչո՞ւ դեպի ԵՏՄ անդամակցություն գնալիս նա համայն հայերի կարծիքը չհարցրեց, որին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր՝ ինչպե՞ս կարող էի մեկ գիշերում պատասխանել:
«Ես կուզենայի իմանալ՝ այդ ի՞նչ գիշեր է, ի՞նչ է տեղի ունեցել այդ մեկ գիշերում»,- իր հարցը նա ուղղեց Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:
Ի պատասխան փոխանախարարը շտապեց պատգամավորին հայտնել, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ գիշերվա մասին է խոսքը, բայց մի բան հաստատ գիտի, որ լուրջ որոշումները մի գիշերում չեն լինում, այդ գործընթացը տարիներ է տևել:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր նաև, թե ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ. «Հիմա դուք կասեք, որ ՀՀ-ն ունի վետոյի իրավունք, բայց եթե վետո դնող լինեինք, մի գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի: Իսկ թանկացման հետ կապված ձեր խոսքը փոխեցիք: Ասում եք, որ կաթնամթերքի թանկացումը որեւէ կապ չունի ԵՏՄ-ի հետ, իսկ հիմա էլ ասում եք, թե դա դեռ փաստ չի, որ մաքսադրույքի փոփոխությունը կանդրադառնա ապրանքների թանկացման վրա: Ասում ենք՝ թանկացող ապրանքներն ասա, ասում եք՝ կես ժամ կտեւի. է, հա, ո՞ւր եք շտապում, ասեք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Սուրեն Կարայանը պատգամավորին հայտնեց, որ թանկանալու են այն ապրանքատեսակները, որոնք ԵՏՄ անդամ երկրներում և Հայաստանում արտադրվում են, դրանք վերջնական սպառման ապրանքներն են:
«Պլաստմասե իրերի ապրանքատեսակներն են, կահույքը, օծանելիքը»,-թվարկեց փոխնախարարը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ փոխնախարարն ընդամենը կոնկրետ երկու ապրանքի անուն նշեց՝ օծանելիք և կահույք և ասաց. «Ստացվեց, որ հիմա մեր կանայք սկսելու են «տռայնոյ դուխի» ու վարունգի օդեկոլոն օգտագործել կամ ղազախական կահույք»:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին կրկնեց Նիկոլ Փաշինյանի հարցը, թե ինչ կլինի, եթե մեկ օր Ադրբեջանն էլ դառնա ԵՏՄ անդամ, Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանեց. «Դեռ նման հայտ չկա Ադրբեջանի կողմից, երբ կլինի այն ժամանակ էլ կքննարկվի»:
«Չի բացառվում, որ մեկ գիշերվա մեջ Ալիևն էլ որոշի ԵՏՄ անդամ երկիր դառնալ»,-արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: