Արդեն հայտնել էինք, որ ԱԺ նիստում այսօր քննարկվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իր ձեռքում կա մի պայմանագիրը, որը, ըստ նրա, 1993 թվականին Հայաստանի կողմից նքվել և 1994 թվականին վավերացվել է, որպես միջազգային պայմանագիր՝ տնտեսական միություն ստեղծելու մասին:
«Այս պայմանագիրը գործում է առ այսօր և համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականությանը: Արդյո՞ք այդ պայմանագիրը նկատի առել եք ԵՏՄ պայմանագիրը կնքելու ժամանակ և երկրորդ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն էինք անդամակցում և եվրաասոցացման բանակցություններ էին վարում, ի՞նչ ուժ ունի այս պայմանագիրը, որտեղ պայմանները շատ ավելի խիստ են և ինքնիշխանությանը վնասող, քան այն, ինչ բերվել է: Ի՞նչ իրավական ուժ ունի այդ պայմանագիրը»,-հարցրեց Արծվիկ Մինասյանը հիմնական բանախոս ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանին:
Վերջինս հայտնեց, որ պատգամավորի նշած պայմանագիրն իրականում կա և իսկապես այնտեղ կան ավելի խիստ և ինքնիշխանությանը վնասող նորմեր, բայց կա մեկ կարևոր հանգամանք, և ըստ փոխնախարարի, այնտեղ գրված չէ, թե Հայաստանը ինչ պետք է անի:
«Ճիշտ է, այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, բայց մենք ավելի հստակ պայմանագիր ենք ստորագրել` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը»,- ասաց փոխնախարարը: