Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել ուկրաինական իշխանություններին երկրի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկի համար և բացատրել հրաժարվելու պատճառները: Այս մասին հայտնել է "Грузия Online"-ը:
Նախկին նախագահի խոսքով՝ Ուկրաինայում պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ընդունել քաղաքացիություն, ինչը նշանակում է կորցնել Վրաստանի քաղաքացիությունը:
«Ուկրաինայում պետական պաշտոն զբաղեցնելու համար, համաձայն Սահմանադրության, անհրաժեշտ է ընդունել Ուկրաինայի քաղաքացիություն։ Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելը նշանակում է ավտոմատ կերպով կորցնել Վրաստանի քաղաքացիությունը։ Ես շնորհակալ եմ առաջարկի համար, սակայն գոյություն ունի կոնկրետ նվիրվածություն, բոլորն ունեն իրենց առաքելությունն այս կյանքում։ Մենք Վրաստանում դեռևս չենք ավարտել զարգացման փուլը, ավելի շատ անելիք կա»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին այն մասին, որ Սաակաշվիլիին առաջարկվել է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը։
«Իմ առաջնահերթությունն իմ երկիրն է՝ Վրաստանը, միայն այդ պատճառով ես չեմ համաձայնում այդ առաջարկին: Կարծում եմ՝ ես պատկանում եմ իմ Վրաստանին»,- նշել է նախկին նախագահը։